Դիլիջանի ազգային պարկի տարածքում կան բազմաթիվ հետաքրքիր և աննկարագրելի գեղեցիկ վայրեր, որոնց անպայման պետք է անդրադառնալ։ Այդ վայրերից են կարմրածառի կամ կենու պուրակները։
Դրանցից է Ախնաբաթի պուրակը, որն ամենամեծն է ողջ Անդրկովկասում։ Այն համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք և Հայաստանի 26 արգելավայրերից մեկը։
Կենու կամ կարմրածառի բարձրությունը հասնում է մոտ 25 մետրի, բնի տրամագիծը 50-70 սմ է, տարիքը՝ 300-400 տարեկան։ Այն մշտադալար է:
Կարմրածառ անվանումը կապվում է նրա հետ, որ ծառի բնափայտը կարմրավուն է։
Բնափայտից դեռևս 3000 տարի առաջ պատրաստել են սարկոֆագներ, քանի որ այն ունեցել է ջրում չնեխելու հատկություն։ Հետագայում պատրաստել են ռազմական սարքեր, կենցաղային իրեր և կահույք։
Պուրակի կողքին է գտնվում Աղնաբաթի եկեղեցին։ Եկեղեցու մասին տեղեկատվություն գրեթե չկա. որոշ տվյալներով այն 11-12-րդ դարերի եկեղեցի է։ Այժմ չի գործում։
Դիլիջանյան այս գոխտրիկ վայրն ունի իր անվան ծագումնաբանության հետ կապված գեղեցիկ լեգենդ։
Ասում են, թե նախկինում այս վայրում ապրել է մի տղա, ով հրաշագործ է եղել։ Դեղաբույսերի միջոցով բժշկել է և՛ աղքատներին և՛ հարուստներին։
Նրա համբավը այնքան մեծ է եղել, որ հասել է մի իշխանի, ում չքնաղ դուստրը, որի անունը Նաբաթ էր, ծանր հիվանդ էր և վերջին հույսը եղել է տղան։ Ու տղան բուժում է Նաբաթին։ Իշխանը տղային հսկայական կարողություն է տալիս, բայց տղան հրաժարվում է՝ ոսկու դիմաց խնդրելով Նաբաթի ձեռքը։ Իսկ Նաբաթը որքան չքնաղ, նույնքան էլ գոռոզ և փառասեր է լինում ու մերժում է տղայի սերը։
Այդ ամենից հետո տղան լքում է իր տունը և ընկեր է դառնում բնությանը, բայց իր ցավը չի դարմանվում, հակառակը՝ ավելի է խորանում, քանի որ գեղեցիկ բնության ամեն մի մասնիկ իր չքնաղ Նաբաթին էր հիշեցնում։
Մի անգամ ժայռի վրա կանգնած ներքևում առվակի մեջ տեսնում է Նաբաթի չքնաղ պատկերը և, կրկնելով «ախ Նաբաթ», ընկնում է ժայռից՝ կարծելով, թե կհայտնվի նրա գրկում։ Այսպես վայրը անվանվում է Ախնաբաթ։
Իսկ տղային սիրողները նրա հիշատակը վառ պահելու համար կառուցում են համանուն եկեղեցին։
Ահա սա էլ դիլիջանյան ևս մեկ գեղեցիկ պատմություն էր, և հենց այս վայրում էլ կարող եք տեսնել երազանքի ծառը և պահել ձեր նվիրական երազանքը։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: