«Պիլինգ» բառը անգլերեն to peel՝ կեղևազրկել, թեփազատել, մաքրել բառից է։
Ինչ է պիլինգը
Պիլինգը մաշկի վերին եղջերացած շերտի հեռացման պրոցեդուրան է։ Ազդեցություն է ունենում վերնամաշկի շերտերի վրա՝ մաշկի վերին շերտը հեռացնելով։ Սա մաքրման մեթոդ է, որն արագացնում է մաշկի վերականգնումը։
Պիլինգը հեռացնում է սև կետերը, բարելավում է դեմքի գույնը և առողջացնում է մաշկը։ Արագացնում է բազալ շերտի բջիջների կիսումը, և մաշկը դառնում է հարթ՝ ձեռք բերելով ավելի երիտասարդ և առողջ տեսք։ Ըստ էության, դեմքի պիլինգը թույլ է տալիս առանց պլաստիկ վիրաբույժի միջամտության բարելավել դեմքի մաշկի վիճակը՝ թեփահանման (отшелушивание) տարբեր մեթոդների օգտագործման հաշվին։ Պրոֆեսիոնալ և գրագետ պիլինգի շնորհիվ մաշկի մեջ ակտիվանում է բջիջների թարմացման հզոր գործընթացը։
Ի՞նչ օգուտ և ի՞նչ վնաս կարող է լինել
Օգուտն ակնհայտ է։ Պրոցեդուրան օգնում է ազատվել մաշկի կոշտացած շերտից՝ դրա հետ մեկտեղ հեռացնելով ակնեի հետևանքները, փոքր կնճիռները, վիրասպիերը, սպիերը և պիգմենտային բծերը, ինչպես նաև սև կետերի հետ կապված խնդիրները։
Դեմքի պիլինգը չի կարող հեռացնել մաշկի տարիքային բոլոր փոփոխությունները, սակայն օգնում է պայքարել ծերության առաջին նշանների հետ, ինչպես նաև հղկում է մաշկը, հարթեցնում միմիկայի կնճիռները, հավասարեցնում է մաշկի երանգը, խոնավացնում և երիտասարդացնում է։
Դրական կողմերի այս տպավորիչ շարքի հետ մեկտեղ պիլինգն ունի իր թերությունները։ Պրոցեդուրան առաջացնում է կողմնակի ռեակցիաներ, այնպիսիք, ինչպիսիք են մաշկի կարմրածությունը, արնահոս վերքերի առաջացումը, դեմքի այտուցը։ Վերականգնողական փուլը տևում է մի քանի օր, որի ընթացքում խորհուրդ չի տրվում օգտվել շպարից, իսկ մաշկը պահանջում է լրացուցիչ և ավելի նուրբ խնամք։
Ի՞նչ հակացուցումներ կան
Պիլինգի բոլոր տեսակներն էլ ունեն իրենց առանձին հակացուցումները, այնուամենայնիվ, մաքրման պրոցեդուրան ունի նաև ընդհանուր հակացուցումներ։
Դեմքի պիլինգը հակացուցված է հղիության, կրծքով կերակրման դեպքում։
Ակնհայտ է, որ պրոցեդուրան չի կարելի անցկացնել մաշկի հիվանդությունների և խնդիրների պարագայում (այրվածքներ, թարախախոցեր, բորբոքումներ, բաց վերքեր և այլն), մարմնի բարձր ջերմաստիճանի, վիրուսային հիվանդությունների և վատ ինքնազգացողության դեպքում։
Մաշկի պիլինգ խորհուրդ չի տրվում անցկացնել ուշ գարնանը և ամռանը, քանի որ հետո մաշկը դառնում է անպաշտպան արևի ճառագայթների բացասական ազդեցության հանդեպ։
Հակացուցումների շարքին կարելի է դասել նաև չարորակ հիվանդությունները, մաշկի խրոնիկ հիվանդությունները, արյան մակարդելիության և մի շարք այլ խնդիրները։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ. լավ կոսմետոլոգը պետք է տեղեկացնի պիլինգի անցկացման բոլոր վտանգների մասին։
Տեսակները բավական շատ են։ Եվ անհրաժեշտ պրոցեդուրայի ընտրությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար անհատական է։ Գեղեցկության սրահը ընտրում է ծրագիրը՝ կախված խնդրի աստիճանից, որն անհրաժեշտ է լուծել։ Օրինակ, վերին շերտի բջիջների հեռացումը կտա թթվածնի հասանելիություն, կլավացնի արյան շրջանառությունը։ Միևնույն ժամանակ սկսում են ավելի ակտիվ արտադրվել կոլագենն ու էլաստինը, մաշկը դառնում է ավելի առաձգական ու փայլուն։
Եթե մաշկի խնդիրները ավելի խորը մոտեցում են պահանջում, օգտագործվում է պիլինգ, որն ընդգրկում է նաև դերման։ Այդպիսի խորը պիլինգը արդյունավետ կերպով պայքարում է մաշկի պիգմենտավորման դեմ, վերացնում է կնճիռները և մաշկին վերադարձնում է իր առողջ տեսքը։
Պիլինգը դասակարգվում է ըստ մաշկի վրա ազդելու միջոցի և խորության։
Ըստ ազդեցության միջոցի
-քիմիական (ամենից հաճախ օգտագործվում են օրգանական թթուներ)
-մեխանիկական
-ֆիզիկական (լազերային, ռադիոալիքային, ուլտրաձայնային)
-կենսաբանական (ֆերմենտային)
Ըստ ազդեցության խորության
-մակերեսային. էպիդերմիսի հատիկավոր և եղջերային շերտերի սահմաններում,
-միջին. ընդգրկում է վերնամաշկը և հասնում մինչև մաշկի պապիլյար (պտկային) շերտը,
-խորը. ընդգրկում է մաշկի ռետիկուլյար (ցանցային) շերտը:
Պիլինգի յուրաքանչյուր տեսակ բարակացնում է եղջերային շերտը, հեռացնում է մանր կոմեդոնները, հեշտացնում է ներթափանցումը դեպի մաշկի ավելի խորը շերտերը, լայնացնում է ծակոտիները և փափկացնում է մաշկը, ինչը հաճախ պիլինգը դարձնում է նախապատրաստական պրոցեդուրա հաջորդող պրոցեդուրաների համար։
Ձեր խնդիրների համար պիլինգի հարմար տեսակը որոշեք կոսմետոլոգի հետ:
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Անցեք հղումով. "Առողջ և Գեղեցիկ"
* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: