Ի՞նչ կլինի, եթե կորոնավիրուսի ՊՇՌ թեստը հանձնելուց առաջ սնունդ կամ հեղուկ ընդունեք:
Ըստ SARS Cov-2-ի ՊՇՌ թեստի հավաքագրման հրահանգների, խորհուրդ է տրվում քսուքը վերցնել սննդի վերջին ընդունումից 3-4 ժամից ոչ շուտ։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։
SARS Cov-2 կորոնավիրուսը ապրում է էպիթելային բջիջներում։ ՊՇՌ հետազոտության համար կարևոր է ստանալ քսուք առավել մեծ քանակությամբ վարակված բջիջներով։ Սնունդը կուլ տալու ժամանակ էպիթելային բջիջները սննդով շերտազատվում են լորձաթաղանթի մակերեսից։ Եթե քսուքը վերցնեն սննդի ընդունումից անմիջապես հետո, փորձանոթի մեջ կարող է ընկնել վարակված բջիջների անբավարար քանակություն։ Այդ դեպքում կարող է ստացվել անալիզի կեղծ բացասական արդյունք։
Նույնն էլ վերաբերում է ջրին։ Հեղուկը “մաքրում” է վարակված բջիջները նշիկների, ըմպանի հետին պատից։
Քսուքը հանձնելուց առաջ կարելի՞ է օգտվել քթի և կոկորդի դեղամիջոցներից (հակասեպտիկ, սփրեյ, կաթիլներ):
Քսուքը հանձնելուց առաջ ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել տեղային կիրառման դեղորայքային միջոցներ (կաթիլներ, սփրեյեր և այլն)։ Դրանց օգտագործումից հետո նվազում է վիրուսի քանակը լորձաթաղանթի վրա և մեծանում է ՊՇՌ թեստի կեղծ բացասական արդյունք ստանալու հավանականությունը։
Կարելի՞ է ՊՇՌ թեստից առաջ ալկոհոլ օգտագործել: Ինչպե՞ս դա կազդի արդյունքի վրա:
Ալկոհոլը պարունակում է էթիլ սպիրտ (էթանոլ), որը նաև մտնում է շատ հակասեպտիկ միջոցների կազմի մեջ։ Լավագույն հակասեպտիկ արդյունավետություն ստանալու համար ախտահանիչ միջոցի կազմում պետք է լինի 60-80%-ից ոչ պակաս էթիլ սպիրտ։
Չնայած սպիրտային խմիչքների կազմում (սովորաբար) ավելի քիչ էթանոլ է մտնում, քան անհրաժեշտ է ախտահանման համար, սակայն ալկոհոլ ընդունելուց հետո քսուքում թագավարակի հայտնաբերման հավանականությունը նույնպես կարող է նվազել։
Ինչո՞ւ չի կարելի մաքրել ատամները ՊՇՌ քսուք հանձնելուց առաջ:
Քսուք վերցնելու նպատակը ՊՇՌ հետազոտության համար թագավարակով ախտահարված բավարար քանակի բջիջներով կենսաբանական նյութ ստանալն է։ Բերանի խոռոչի ցանկացած մաքրման միջոցի օգտագործումը նվազեցնում է վարակի քանակը վերցրած քսուքում։
Ատամի մածուկը կարող է պարունակել հակասեպտիկ բաղադրիչներ։ Դրանց մնացորդները կարող են հայտնվել քսուքի փորձանոթում և խանգարել անալիզի անցկացմանը։ Բացի այդ, ատամների մաքրումը պահանջում է նաև բերանի լրացուցիչ ողողում, որը նույնպես խորհուրդ չի տրվում կենսանյութի հավաքումից առաջ։
Կոսմետիկայի (շրթներկ, փայլ և բալզամ շրթունքների համար) օգտագործումը կարո՞ղ է ազդել թեստի արդյունքների վրա:
Հետազոտման համար նյութը վերցնում են ոչ թե բերանի խոռոչից, այլ բկանցքից և քթըմպանից։ Եթե պահպանվեն քսուք վերցնելու բոլոր կանոնները և զոնդով չդիպչեն շրթունքներին, ապա դեկորատիվ կոսմետիկայի առկայությունը չպետք է խանգարի ՊՇՌ թեստի համար ճշգրիտ նյութի ստացմանը։ Սակայն, եթե պատահաբար փորձանմուշի մեջ հայտնվի կոսմետիկ միջոցը, ապա դա կարող է դանդաղեցնել ՊՇՌ-ի ռեակցիան։ ՈՒստիրա համար դեկորատիվ կոսմետիկա ավելի լավ է օգտագործել քսուքը հանձնելուց հետո։
Որտեղի՞ց են քսուք վերցնում՝ բկանցքից, թե՞ քթըմպանից:
Ե՛վ բկանցքից և՛ քթըմպանից։
SARS-Cov-2 վարակի համար մուտքի դուռ են հանդիսանում վերին շնչուղիները։ Քթի և բերանի խոռոչի (բկանցք) լորձաթաղանթ մուտք գործելուց հետո վարակը սկսում է բազմանալ էպիթելային բջիջներում։ ՈՒստի գաղտնի շրջանի վերջում և կլինիկական արտահայտման առաջին օրերին առավելապես ինֆորմատիվ են քսուքները հենց այդ մասերից։
Հետազոտման համար քսուքը վերցնում են նշիկների, քիմքի աղեղնակի և բկանցքի հետին պատից։
! Հիշե՛ք
Բկանցքից քսուք վերցնելուց նվազագույնը 3 ժամ առաջ չի թույլատրվում սնունդ և հեղուկ ընդունել, մաքրել ատամները, ողողել բերանը/կոկորդը, օգտագործել բերանի սփրեյ-թարմացուցիչ, մաստակ ծամել, ծխել։
Քթից քսուք վերցնելուց նվազագույնը 3 ժամ առաջ չի կարելի լվանալ քիթը, օգտագործել կաթիլներ, սփրեյեր, քսուքներ։
Քսուք վերցնելուց երկու օր առաջ պետք է հրաժարվել սպիրտային խմիչքներից։
*Խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: