Հարց. Եթե մարզումների ժամանակ ազդեցության առաջնահերթ հատվածը հանդիսանում են ազդրերս, արդյո՞ք դա նշանակում է, որ առաջին հերթին ազդրերս կդառնան ավելի սլացիկ։
Պատասխան. Երբ մարզվում եք ճարպերը այրելու համար, հնարավոր չէ վերահսկել և պլանավորել մարմնի այն մասը, որտեղից ճարպը ավելի արագ կվերանա։
Սովորաբար ճարպը այրվում է այն հավաքելու հակառակ հաջորդականությամբ, այսինքն՝ մարմնի այն մասերի ճարպերը, որոնք ավելի ուշ են կուտակվել, վերանում են առաջին հերթին։
Մկանների այն խումբը, որի վրա աշխատում եք, իհարկե կդառնա ավելի ծավալուն, ուստի, երբ ճարպն այդ հատվածից վերանա, կտեսնեք, թե ինչ հարթ և գեղեցիկ կդառնա ձեր մաշկն այդ հատվածում։
Սակայն կա նաև խնդրի այլ կողմը։ Կուտակված ճարպի տակ գտնվող մկանային հյուսվածքի աճը կարող է մարմնի այդ հատվածի ճարպի տոկոսի նվազման տպավորություն ստեղծել։ Այդպիսի վիզուալ սխալ առաջանում է, քանի որ, կապված մկանային հյուսվածքի աճի հետ, ճարպը տեղաբաշխվում է ավելի մեծ մակերեսի վրա։ Ճարպային շերտը կթվա ավելի բարակ, սակայն ճարպի ընդհանուր քանակությունը չի փոխվի։
Հարց. Կարելի՞ է մարզվելուց հետո տաք լոգանք, ցնցուղ ընդունել կամ գնալ շոգեբաղնիք։
Պատասխան. Քանի որ արյունը մարզվելուց հետո սովորաբար կուտակվում է վերջույթներում, իսկ շոգեբաղնիքը, տաք ցնցուղը կամ լոգանքը լայնացնում են անոթները, չարժե մարզվելուց անմիջապես հետո անցնել այս պրոցեդուրաներին։ Դեպի սիրտ և ուղեղ արյան դժվար հասանելիության վտանգ է առաջանում, ինչը կարող է բերել ուշագնացության կամ թուլության։
Այնուամենայնիվ, եթե ինտենսիվ մարզումից հետո ունեք բավարար ժամանակ ամբողջովին վերականգնվելու համար, կարելի է փորձել շոգեբաղնիք կամ տաք ցնցուղ։ Բայց թուլության կամ վատ ինքնազգացողության առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր է անմիջապես դադարեցնել այդ պրոցեդուրաները։
Հարց. Մարզասարքերն օգնո՞ւմ են նիհարել
Պատասխան. Ամենամեծ մոլորությունն այն է, որ որոշակի հատվածի համար նախատեսված մարզասարքը կօգնի ձեզ նիհարել։
Օգտագործելով մարզասարքը, օրինակ՝ որովայնի մկանների վրա՝ կայրեք շատ քիչ քանակությամբ կալորիա։ Որպեսզի նիհարեք կամ կրճատեք ազդրերի, նստատեղի, իրանի և մարմնի այլ մասերի սանտիմետրերը, անհրաժեշտ է կատարել աերոբ վարժություններ, ինչպիսիք են՝ քայլքը, վազքը, լողը, հեծանվային զբոսանքները։ Ֆիզիկական այդպիսի ակտիվությունը (կամ վարժությունների բալանսավորված ծրագիրը) զարգացնում է ամբողջ մարմնի մկանները: Մեկ ժամվա ընթացքում այրվում է մի քանի հարյուր կալորիա։ Նմանատիպ ֆիզիկական ակտիվության շրջանակում մարզասարք օգտագործելը իսկապես արդյունավետ կլինի։
Նիհարել ցանկացողների հիմնական նպատակը պետք է մկանային զանգվածը մեծացնելը լինի։ Մկաններն ավելի ակտիվ են, քան ճարպը և մկանային հյուսվածքը զարգացնելու դեպքում ճարպի այրման գործընթացը տեղի է ունենում նույնիսկ քնած ժամանակ։
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Անցեք հղումով. "Առողջ և Գեղեցիկ"
* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: