Դիլիջանում են գտնվում պատմական և ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող կոթողներ, որոնք կապված են մեր պատմական անցյալի կարևորագույն դեպքերի հետ։ Դրանցից մեկը շատերին հայտնի չէ՝ Աղջկաբերդ կոչվող ամրոցը։ Այն Հայաստանում միակ բերդն է, որ պատկանել է կնոջ։
Այս բերդը գտնվում է Դիլիջանից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։ Այն եղել է բավականին հայտնի խոշոր ռազմական կառույց: Բնությունը թույլ էր տվել պաշտպանվել՝ բոլոր կողմերից եզերելով բարձր ժայռերով: Միաժամանակ այն պաշտպանված էր արհեստական, բրգավոր պարիսպներով:
Բերդն ունի իր մասին ավանդություններ:
Եղել է մի չքնաղ իշխանուհի, որի գեղեցկությունից գերվել են բոլոր իշխանները, սակայն նա բոլորին մերժել է։ Իշխանները չէին հանձնվում։ Իշխանուհին ստիպված իր ենթակայության տակ եղած մարդկանցով զորք է հավաքում և անառիկ ամրոց հիմնում, որը գրավելը անհնարին է դառնում իշխանների համար։
Սակայն իշխաններից մեկի՝ Մանթաշի սերը այնքան մեծ է լինում, որ նա յուրաքանչյուր պարտությունից հետո էլ ավելի է հույսով լցվում ու կրկին պայքարում։ Իշխանուհու ամրոցի մոտ նա հիմնում է Մանթաշի բերդը կամ Մանթաշաբերդը։ Նա հաճախակի հարձակումներ է գործում Աղջկաբերդի վրա։ Դրանք բոլորն էլ իշխանի համար անհաջողությամբ են ավարտվում։ Այդ ամենից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք համաձայնության են գալիս, համաձայն որի՝ նրանցից յուրաքանչյուրը մնում է իր ամրոցում: Ի նշան հաշտության՝ Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը դառնում է նրանց ժամադրության վայրը։ Ասում են, որ նրանք երկու ժայռերի գագաթներին նշաններով խոսում էին։
Մեկ այլ ավանդության համաձայն էլ՝ մոնղոլ նվաճող Լենկ Թեմուրը սիրահարվում է այդ վայրում բնակվող մի աղջկա և հրամայում, որ նրան առևանգեն։ Այդտեղ են գալիս երեք զինվորներ և առևանգում աղջկան։ Մի հովիվ, տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնած էին, հովիվը սպանում է նրանց և աղջկան հետ բերում։ Այս դեպքը կատաղեցնում է Լենկ Թեմուրին. նա հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ՝ աղջիկը պարսպից գետն է նետվում։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։
Դիլիջանի ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Այժմ բերդից մնացել են պարսպի ավերակները, երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի: Պահպանվել է նաև զորանոցի նշանակության մեկ երկար շինություն, տնտեսական նշանակության սենյակներ, բնակելի շինություններ: Բոլոր շինությունները, պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։
Այն Հայաստանի հիասքանչ ամրոցներից է և Դիլիջանի գողտրիկ գանձերից։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: