Հայաստանը հարուստ է եկեղեցիներով, որոնք ոչ միայն համարվում են հոգևոր, այլ նաև մշակութային բարձրարժեք գանձեր։
Եկեղեցիներով հարուստ է Դիլիջանը։ Դիլիջանում են գտնվում Հայաստանի ամենայուրահատուկ եկեղեցիները, որոնք իրենց պատմական խորհրդավորությամբ հմայում են այցելուներին։ Դրանցից է Հաղարծին վանական համալիրը:
Հաղարծին վանքը կառուցող վարպետն ասել է՝ «տաճարը մարդու ոգին է քաղցրացնում, իսկ ընկուզենին՝ բերանը, եթե տաճարը չմնա, ծառը կմնա»։ Այսօր մնացել է տաճարը, իսկ վարպետի կողմից տնկած 700-ամյա ընկուզենին չկա։
Դիլիջանի Հաղարծին վանքը կառուցվել է 10-13 դարերի ընթացքում։ Եկեղեցու անվան հետ կապված կա մի ավանդազրույց, ըստ որի՝ վանքի օծման օրը արծիվ է ճախրել գլխավոր եկեղեցու գմբեթի վրայով։ Այդ օրվանից վանքը կոչվել է Հաղարծին. հաղ նշանակում է խաղ, իսկ արծինը՝ արծիվ։
Այն ունի ճարտարապետական յուրահատուկ նախագիծ։ Համալիրն իր կազմում ունի երեք եկեղեցի, երկու գմբեթ, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր։ Սեղանատունն իր կառուցվածքային հնարքներով և գեղարվեստով հայ ճարտարապետության գոհարներից է։
Վանքի կողքին է գտնվում մի խաչքար, որի թևերն, ի տարբերություն մյուս խաչքարերի, չեն ավարտվում, այլ շարունակվում են. դա իր մեջ ունի երկրորդ կյանքի խորհուրդ։
Հաղարծին վանքին է նվիրվել 350կգ կշռող բրոնզե կաթսա, որը հայ գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։
Եկեղեցին այժմ վերանորոգվում է Համահայկական հիմնադրամի աջակցությամբ և Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի օգնությամբ։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: