Դիլիջանում ոչ միայն բնությունն է հրաշալի և գրավող, այլ նաև ավանդույթները։
Գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ կապվում է երազանքի ծառի հետ։
Ծառը հանդիսանում է Հաղարծին վանական համալիրի խորհրդանիշներից մեկը։ Այն եկեղեցու բակում է։ Ծառը 700-750 տարեկան է։ Տնկվել է Հաղարծինի վարպետի կողմից։
Ասում են, թե այդ վարպետը իր կառուցած շինությունների կողքին ընկուզենի տնկելու սովորություն է ունեցել։ Բացատրել է, որ եթե շենքը չմնա, ծառը կմնա, որ եկեղեցին հոգին է քաղցրացնելու, իսկ ընկուզենին՝ բերանը։ Վարպետի տնկած ծառը դարձել է երազանքի ծառ, և ով անցնում է այդ ծառի բնի վրա եղած ճեղքով՝ նրա երազանքը կատարվում է։
Երազանքի ծառը մեկ անգամ անփութության պատճառով վառվել է, բայց հետո նորից ծաղկել է: Մեկ անգամ էլ բունն է կոտրվել, բայց վերանորոգվել է։
Դիլիջանում եղել է ևս մի հետաքրքիր պատմություն Պողոս վարպետի պատրաստած խաչքարի հետ կապված։
1936թ-ին Գոշ գյուղի կոմսոմոլի քարտուղարը Անդրանիկ Վերանյանն էր, ով աթեիստ էր և տեղի բնակիչներին նույնպես ցանկանում էր դարձնել աթեիստներ ու քրիստոնեական հավատը ծաղրելու առիթը երբեք բաց չէր թողնում։
Մի անգամ էլ գյուղի կենտրոնում է հավաքում գյուղացիներին և հրամայում այնտեղ բերել Գոշավանքի մոտ եղած Պողոս վարպետի խաչքարը, որի զորությանը մարդիկ շատ էին հավատում։ Բնակիչների առաջ երկաթով այն կոտրում է մի քանի տեղից և ասում. «Եթե այս խաչքարը զորություն ունի, ապա թող ինձ սպանի»։
Դեպքից քիչ անց լուր է տարածվում գյուղում, որ Անդրանիկ Վերանյանը մահանում է: Վերանյանի եղբայրը հրացանը մաքրելիս չի նկատում, որ այնտեղ մի գնդակ կա ու անզգուշաբար կրակում է Անդրանիկի վրա։
Այս դեպքից հետո խաչքարը վերականգնում են և տեղադրում եկեղեցու կողքին, և հավատը էլ ավելի է ամրապնդվում գյուղացիների մոտ։
Պատահականություն էր Անդրանիկ Վերանյանի մահը, թե պատիժ, որոշեք ինքներդ:
Իսկ խաչքարը մինչև հիմա մնում է որպես անհուն հավատքի և աստվածային ամենազորության լուռ վկա։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: