Հայաստանի տարածքում առաջին երկրագիտական պեղումները տեղի են ունեցել Դիլիջանի տարածքում 1850-ական թվականներին։
Հարկավոր էր վայր, որտեղ կպահպանվեին պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները։
Երկարատև ջանքերից հետո Դիլիջանում 1950 թվականին նախկին հյուրանոցի (հետագայում՝ հիվանդանոցի) շենքում հիմնվում է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը։ Այն այցելուների համար բացվել է միայն երկու տարի հետո` 1952 թ.-ին։ Թանգարանը 1967 թվականին վերանորոգվել է, 2005 թ.-ին ամբողջովին քանդվել և 5 տարում ամբողջությամբ վերակառուցվել է ճարտարապետ Նվեր Դանիելյանի նախագծի հիման վրա։ 2011 թվականից այն իր դռներն է բացել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար։
Պատկերասրահը գտնվում է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 28 հասցեում։
Թանգարանում ցուցադրվում են 3000-ից ավելի թանկարժեք նմուշներ, որոնք իրենց մեջ ներառում են 1017 հնագիտական, 628 ազգագրական, 391 կիրառական արվեստի իրեր, 353 գրաֆիկական աշխատանքներ, 409 գեղանկարներ, քանդակներ, 47 արծաթյա իր, որից 36-ը՝ մետաղադրամ, 39 կտոր հնատիպ գրականություն։
Նմուշները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել տեղի բնակիչների վարած կյանքի, կենցաղի և մշակույթի մասին։
Դիլիջանի երկրագիտական թանգարանում պահպանվում են նաև թանկարժեք, բնօրինակ կտավներ, որոնք ստեղծվել են Հ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Գարզուի, Վ. Սուրենյանցի, Էդ. Շահինի, Լ. Լագորիոյի կողմից։ Կան նիդեռլանդական, իտալական, ֆրանսիական նկարիչների որոշ գործեր։
Ողջ հավաքածուն ցուցադրված է թանգարանի երեք հարկերում՝ ըստ դասակարգման։ Ստորին հարկում ցուցադրված են հնագիտական և ազգագրական իրերը։ Առաջին հարկում հայ արվեստագետների գործերն են, երկրորդ հարկում՝ արտասահմանյան արվեստագետների։
Դիլիջանի երկրագիտական թանգարանը Հայաստանում իր տեսակի մեջ յուրօրինակ գանձարան է, որտեղ կարող եք հայկական մշակույթի և կենցաղի մասին ստանալ ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: