Ծաղկաձորում հայտնաբերվել են բարձրակարգ բույսերի 283 տեսակներ, որոնցից 101 տեսակը 43 ընտանիքի մեջ ընդգրկված դեղաբույս են։ Կան դեղաբույսերի հազվագյուտ հանդիպող տեսակներ։
Ծաղկաձորում տարածված դեղաբույսերից հիմնականը ներառված են չորս ընտանիքներում՝ վարդազգիներ, բարդածաղկավորներ, շրթնածաղկավորներ և թիթեռնածաղկավորներ։
Բարդածաղկավորների ընտանիքից հանդիպում են սովորական ճարճատուկը, կռատուկը, կապույտ տերեփուկը, դառը օշինդրը, տատրակը, դեղատնային խատուտիկը և հազարատերևուկը։
Ճարճատուկը կիրառվում է լեղապարկի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև գաստրիտների, էնտերիտների, կոլիտների, սրտային ծագում ունեցող այտուցների, ընդհանուր հյուծվածության, սակավարյունության, մաշկի թարախային հիվանդությունների, դժվար լավացող վերքերի ժամանակ։
Դառը օշինդրը օգտագործվում է որպես մարսողական համակարգի գեղձերի ֆունկցիայի խթանիչ։
Կռատուկի պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկային հիվանդությունների ժամանակ։
Վարդազգիների ընտանիքից Ծաղկաձորում տարածված են փշոտ ալոճենին, սովորական արոսենին, թխենին և մասրենու տեսակներ։
Ալոճենու պտուղները հնագույն ժամանակներից որպես դեղաբույս օգտագործվում են սիրտ-անոթային խնդիրների ժամանակ։
Մասրենու պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն): Յուղը կիրառվում է խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։
Շրթնածաղկավորների ընտանիքից դեղաբույս են ընդամենը ութ տեսակ և այդ ութն էլ կան Ծաղկաձորում։
Տեղացիներն այս ընտանիքի դեղաբույսերից օգտագործում են կոշի ուրցը, լերդախոտի երեք տեսակները, երկարատերև դաղձը, առյուծագին և խնկածաղիկը։
Ուրցը օգտագործում են որպես մարսողությունը լավացնող միջոց։
Լերդախոտը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց։
Խնկածաղիկի պատրաստուկներն օգտագործում են նյարդային, ստամոքս-աղիքային և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։
Թիթեռնածաղկավորների ընտանիքից Ծաղկաձորում աճում են դեղատու իշառվույտը, մարգագետնային երեքնուկը, վիրախոտը և տափալոռը։
Իշառվույտը օգտագործում են անպտղության ժամանակ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, ունի նաև փքահան ազդեցություն։ Իշառվույտի պատրաստուկները լավացնում են սրտամկանի և որովայնի օրգանների արյան մատակարարումը, արագացնում լյարդի բջիջների վերականգնումը։
Ծաղկաձորի դեղաբույսերի օգտագործման չարաշահումը հասցրել է որոշ բուսատեսակների հնարավոր անհետացմանը: Օրինակ, սպիտակ լոշտակը, որի պտուղների և արմատների հյութով բուժում են խոցերն ու վերքերը, բորբոքված հոդերը, մաշկային ցանը, այժմ հայտնվել է Հայաստանի Կարմիր գրքում։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: