Ծաղկաձորը հանդիսանում է Հայաստանում զբոսաշրջության արագ զարգացող կենտրոններից։ Գրեթե բոլորին է հայտնի Ծաղկաձորում գտնվող Կեչառիս վանական համալիրը, որը համարվում է բարձրարժեք մշակութային ժառանգություն, ինչպես նաև այն, որ Ծաղկաձորը լավագույն վայրն է հանդիսանում լեռնադահուկային սպորտի և էքստրիմի սիրահարների համար։
Մի խոսքով՝ այս բնակավայրը ասոցացվում է հանգստի հետ, և քչերին է հայտնի այն փաստը, որ մենք՝ հայերս, ունենք նաև պարատեսակ, որը կոչվում է «Ծաղկաձորի»։
Կան բազմաթիվ հայկական պարեր, որոնք պարել են տարբեր ծեսերի և արարողությունների ժամանակ, բայց Ծաղկաձորի պարը եղել է այն պարատեսակներից, որը հնում պարել են բոլոր արարողությունների ժամանակ։
Այս պարը ստեղծվել է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանում։ Այն հիմնականում պարել են Վասպուրականում։ Ծաղկաձորը գտնվում է նախկին Վասպուրականի տարածքում, և այս փաստի հետ է կապվում պարի «Ծաղկաձորի» անվանումը՝ նույնացնելով տեղանվան հետ։
Հայկական ծիսական պարերից յուրաքանչյուրն ունեցել է իր խորհուրդը՝ Ծաղկաձորի պարը նույնպես։ Այն պարել են հիմնականում ուխտագնացությունների ժամանակ. պարը նվիրված է եղել Անահիտին՝ պտղաբերության աստվածուհուն։ Պարել են նրան հաճոյանալու համար, որպեսզի տարին բերքառատ լինի։ Որքան պարի ընթացքում թռիչքները բարձր են լինում, այնքան պտղաբեր տարի կլինի։ Բարձր թռիչքներով փորձել են շահել աստվածուհու համակրանքը։
Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների՝ երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա։ Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով։
Այս պարը համարվում է հայկական ժողովրդական պարարվեստի գեղեցիկ նմուշներից մեկը, Ծաղկաձորի այցեքարտերից յուրօրինակն ու տարբերվողը։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: