Ծաղկաձորը՝ ծաղիկների ձորը դրախտավայր է, որն ունի աննկարագրելի բնություն: Հայտնվելով այստեղ՝ դյութվում ես և անվերջ ցանկանում արարել գեղեցիկը, բարին։
Այստեղ իրենց կյանքի ինչ-որ փուլն են ապրել մեր մեծերից ոմանք։ Ծաղկաձորը գրական երեկոների կազմակերպման լավագույն վայրերից է եղել։ Այնտեղ մեր մեծերը հավաքվել են, ստեղծագործել, ինչպես նաև զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ։
Ծաղկաձորում իջևանել են Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Պարույր Սևակը, Լևոն Խեչոյանը, Անահիտ Սահինյանը, Աբգար Ափինյանը և այլոք։
Ծաղկաձորում է ապրել և ստեղծագործել կանացի հույսերի, հույզերի, սիրո և ցավերի պոետ Սիլվա Կապուտիկյանը։
Կապուտիկյանը հաճախ է փախչել քաղաքի եռուզեռից և թաքնվել Ծաղկաձորի գողտրիկ գրկում։ Այստեղ նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ։
Կապուտիկյանի աջակցությամբ այստեղ են հանգրվանել Սումգայիթից և Բաքվից մազապուրծ եղած առաջին փախստականները, որի մասին Կապուտիկյանը հիշատակում է իր «Էջեր փակ գզրոցներից» գրքում։
Կապուտիկյանը գեղեցիկ բառախաղի միջոցով նոր բառ է ստեղծել, որով բնութագրել է Ծաղկաձորը՝ մանկաձոր՝ մանուկների ձոր։
Ծաղկաձորում իր կյանքի որոշ շրջափուլ է անցկացրել Պարույր Սևակը։ Այստեղ ծնվել են մի շարք գեղեցիկ ստեղծագործություններ։
Հետագայում Ծաղկաձորում հիմնվում է Պարույր Սևակի անվան մանկական ճամբարը, ինչպես նաև Պարույր Սևակի անվամբ աղբյուրը։ Այդ մասին գրել է Հովիկ Չարխչյանը՝
Ծաղկաձորում կա մի ճամբար
Անունով հին լեգենդի,
Ուր բխում է աղբյուր մի պաղ
Հավերժական կարոտի:
Դա աղբյուրն է բանաստեղծի,
Մանուկների ձեռքի գործ,
Դու կկարդաս` «Լույս եղիցի»,
Քարի վրա ոսկեբոց….
Ծաղկաձորի մշտական այցելուներից է եղել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։ Նա գրական երեկոների հիմնական կազմակերպիչն է եղել։ Հրանտ Մաթևոսյանը ԽՍՀՄ փլուզումից հետո ասել է, որ մեծ երկիր է կորցրել և չի կարողանում ստեղծագործել: Այդ ճգնաժամի ընթացքում Մաթևոսյանի հանգրվանը միշտ եղել է Ծաղկաձորը։ Դադարեց գրական երեկոների կազմակերպումը, որի պատճառով գրողները հաճախ ասել են, որ առնական, տղամարդկային Ծաղկաձորը դարձել է քույր։
Ծաղկաձորում ստեղծագործել է Լևոն Խեչոյանը, ում մուսան եղել է հենց Ծաղկաձորի չքնաղ բնությունը, որի գրկում էլ Խեչոյանը գրել է իր վերջին գիրքը՝ «Մհերի դուռը»։ Ասում են, թե Խեչոյանը միաձուլվել էր Ծաղկաձորի բնությանը, դարձել այդ բնության մի մասնիկը։
Եթե ցանկանում եք զգալ հայ մեծերի շունչը մեկ վայրում, ապա այցելեք Ծաղկաձոր։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: