Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում է գտնվում ութդարյա պատմություն ունեցող, բնության սրտում թաքնված, բայց իր վեհությամբ վեր խոյացող Կեչառիս վանական համալիրը: Այս վանական համալիրում են գտնվում Ծաղկաձորի չորս եկեղեցիները, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ ճարտարապետական հորինվածքով։
Ծաղկաձորի մեծությամբ առաջին եկեղեցին Կեչառիսի՝ Գրիգոր Մագիստրոսի կողմից կառուցված՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որտեղ գտնվում է վերջինիս աճյունը: Երկրորդ եկեղեցին նրբագեղ համաչափություններով փայլող Սուրբ Նշան եկեղեցին է: Որից քիչ հեռու կառուցվել է երրորդը` Ծաղկաձորի ամենափոքր, բայց մշակութային բարձր արժեք կրող Սուրբ Հարություն եկեղեցին, չորրորդը՝ Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որը Ծաղկաձորում ամենաշքեղ եկեղեցին է:
Ծաղկաձորի այս բարձրարվեստ գանձերի մեջ է ամփոփված հայ ճարտարապետությունն իր շքեղ ու միաժամանակ պարզ լուծումների նուրբ համադրությամբ։ Եվ ինչու չէ, հնարավոր է, որ այդ եկեղեցիները դարեր շարունակ կողք-կողքի միմյանց լրացնող և անբաժան քույրեր և եղբայրներ են, ինչպես հաճախ տեղացիներն անվանում են Ծաղկաձորում գտնվող բոլոր կոթողները։
Նախկինում Կեչառիս են անվանել նաև Ծաղկաձորը։
Ինչո՞ւ Կեչառիս։ Գնալով Ծաղկաձոր և այցելելով եկեղեցիներ՝ անհնար է ճանապարհին չնկատել սլացիկ վեր բարձրացող տերևաթափ, միատուն կեչիներին, որոնք տարածքում շատ են տարածված, և անվանումը կապված է հենց այս ծառի տարածվածության հետ։
Անվանումը կապվում է նաև կաճառ բառի հետ, որը նշանակում է դպրատուն. վանական համալիրում ծաղկունք է ապրել դպրությունը: Մեզ են հասել այնտեղ գրված մեծ արժեք ունեցող ձեռագրեր։
Զարմանալի մի զուգադիպությո՞ւն, թե չար կատակ կարելի է համարել այն, որ քրիստոնեական շնչով լցված եկեղեցին կառուցվել է հենց հեթանոս Աստված Տիրի տաճարի ավերակների վրա, իսկ Տիրը կաճառի՝ դպրատան և դպրության հովանավորն էր։
Ե'վ Ծաղկաձորի և' եկեղեցիների այս քառյակի անվանումը կապվում է միևնույն ավանդապատման հետ, ըստ որի՝ Պահլավունյաց տոհմի գեղեցկուհիներից մեկն իր ամրոցի կողքին ցանկանում է ունենալ նմանը չունեցող մի ծաղկանոց: Գեղեցկուհու ցանկությունն ի կատար է ածվում։ Բայց գարնանային քամին ծաղիկները քշում և տարածում է ողջ ձորում։ Աղջիկը կատաղությունից հրամայում է կառուցել վանք, որտեղ գիշերուզօր աղոթեն, որպեսզի ծաղիկները հետ վերադառնան: Այսպես կառուցվում է վանքը, բայց ծաղիկներն այդպես էլ չեն վերադառնում։ Եկեղեցիների քառյակն անվանվում է Կեչառիս, իսկ ծաղիկների ձորը՝ Ծաղկաձոր:
Ծաղկաձորի եկեղեցիները ամբողջանում են իրենց շուրջբոլորը կառուցված բազմաթիվ խաչքարերով, որոնց կողքին կան տապանաքարեր՝ այն անձանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել թուրք-սելջուկների հարձակումների ժամանակ։ Վերջիններս բազմիցս ցանկացել են գրավել Ծաղկաձորը և փլատակների վերածել եկեղեցիները, բայց և' Ծաղկաձորը գրավված չէ, և' եկեղեցիները կանգուն են:
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: