Դիլիջանյան հեքիաթում հայտնվելը շատ-շատերին օգնել է ստեղծագործել և արարել գեղեցիկը։ Կախարդական այս վայրը հյուրընկալել է նշանավոր կոմպոզիտորների, գրողների, նկարիչների, դերասանների, որոնց համար հետագայում այստեղի աննկարագրելի բնությունը ոգեշնչման աղբյուր է դարձել։
Իր ստեղծագործություններով մեզ մտովի տանում է Դիլիջան Վախթանգ Անանյանը:
Հայ նշանավոր գրողը ծնվել և մեծացել է հենց Դիլիջանում, ում ստեղծագործությունները կարդալիս տեսնում ենք դիլիջանյան բնությունը՝ իր ողջ հմայքով։ Վախթանգ Անանյանը իր հուշերում գրել է, որ, ուսման վարձը չկարողանալով վճարել, դուրս է մնում Դիլիջանի ծխական դպրոցից, ու դրանից հետո իր դպրոցը դառնում է բնությունը, որի գրկում անցել է մանկությունը։
Նա իր որսորդական պատմություններով ներկայացնում է Դիլիջանի քարն ու սարը։ Եթե ընթերցողը ծանոթ է Անանյանի ստեղծագործություններին, ապա Դիլիջանում կգտնի այն ամենը, ինչի մասին գրել է նա։
Դիլիջանում է ապրել հայտնի մշակութային գործիչ և բարերար Մարիամ Թումանյանը:
Մարիամ Թումանյանի ֆինանսական աջակցությամբ են տպվել Հովհաննես Թումանյանի մի շարք գործեր։ Նրա տանն են տեղի ունեցել «գրական հինգշաբթիները», որտեղ հավաքվել են նշանավոր դեմքեր՝ Հովհաննես Թումանյանը, Ալ. Շիրվանզադեն, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Աղասի Խանջյանը, Սիրանույշը և այլոք։
Այժմ Մարիամ Թումանյանի տունը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի։
Դիլիջան է մշտապես այցելել հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցը։ Դիլիջանի «Ռոտոնդա» ամառային թատրոնի շրջակայքի ծառերից մեկն անվանել են Չարենցի ծառ. ասում են՝ նա հաճախ է նստել այդ ծառի տակ և գրել։ Հենց Դիլիջանում են ստեղծվել չարենցյան մի շարք գլուխգործոցներ։
Դիլիջանում է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից՝ Ազնիվ Հրաչյանը։ Այստեղ հետագայում ամփոփվում է նրա աճյունը և տեղադրվում է կիսանդրին։
Դիլիջանում են հյուրընկալվել նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են` Կոմիտասը, Վահան Տերյանը, Հովհաննես Աբելյանը, Ազքանաս Մռավյանը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյով Նանսենը։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: