Դիլիջանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք արժանի են հիշատակման։ Այդպիսի վայրերից է Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ այժմ վերածվել է Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի։
Մարիամ Թումանյանը եղել է մշակութային գործիչ և բարերար, ով ֆինանսապես աջակցել է տաղանդավոր մարդկանց։ Նրանցից էր Հովհաննես Թումանյանը, ում մի քանի գրքեր հրատարակվել են Մարիամ Թումանյանի միջոցներով։
Նրա հովանավորությամբ Դիլիջանում հիմնվել է մանկատուն։
Ամառանոցի մշտական հյուրերն են եղել հայազգի մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Սիրանույշը, Աղասի Խանջյանը, Եղիշե Չարենցը։ Առանձնատանը հյուրընկալվել են ոչ միայն հայ մեծանունները, այլ նաև այլազգի հայտնիները՝ Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը, Անատոլ Լունաչարսկին։ Այն եղել է «գրական հինգշաբթիների» կազմակերպման վայր։
Երկհարկանի առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին։ Այն կառուցված է դիլիջանյան տարբերվող ոճով՝ փայտյա նախշազարդ պատշգամբով։
Այստեղ 1927 թ.-ին բուժում է ստացել հայազգի մեծ զորավար Հովհաննես Բաղրամյանը։
Առանձնատուն է այցելել Վահան Տերյանի կինը՝ Սուսաննան՝ բուժվելու հույսով, սակայն, ցավոք սրտի, հենց ամառանոցում էլ մահացել է և հուղարկավորվել Դիլիջանում։
Ամառանոցում իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետ Ազնիվ Հրաչյան։ Այստեղ է մահացել դերասանուհու ամուսինը։
Ամառանոցում է ծնվել սերը Մարիամ Թումանյանի և Հովհաննես Թումանյանի միջև։ Նրանց տրված չէր լինել միասին, քանի որ երկուսն էլ ամուսնացած էին։ Ինչպես իրենք են բազմաթիվ անգամ նշել՝ իրենց հարաբերությունները այդպես էլ չանցան «քնքուշ բարեկամության» սահմանները։
Ամառանոցի վերջին բնակիչը եղել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Հենց նա էլ այն վերածել է Ժողովրդական արվեստների թանգարանի։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: