Ծաղկաձորը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառում։ Եղել է Արշակունի թագավորների ամառանոցը։ Հետագայում անցել է Պահլավունիների տոհմի ներկայացուցիչներին։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Ծաղկաձորի տարածքը Հայաստանում հանդիսանում է այն վայրերից մեկը, որտեղ պեղումներով հնարավոր կլինի բացահայտել մեր արքաների, նախարարական տոհմերի նիստ ու կացը։
Ծաղկաձորում պեղումների ժամանակ հայտնաբերվել են քաղաքից 2կմ հեռավորության վրա գտնվող «Բերդի գլուխ» անվանվող հնավայրի ավերակները։ Ամրոցի պարիսպներն ունեցել են 3մ լայնություն և մեկուկես մետրի հասնող բարձրություն։ Ամրոցը պատկանել է Վարաժնունի նախարարական տանը։
Ամրոցի ավերակների մոտ հայտնաբերվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ։
Ծաղկաձորի տարածքում գտնվող «Խաչեր» կոչվող հնավայրում ևս իրականացվել են պեղումներ, որի ժամանակ հնէագետները եկել են այն եզրահանգման, որ նախկինում այստեղ եղել է հնագույն ամրոց, որը գործել է Պռոշյանների օրոք։
Ամրոցի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է սենյակ, որի ներսում եղել են կենդանիների ոսկորներ և խեցեղեն։ Այստեղ հայտնաբերվել են նաև նիզակներ, իլիկի գլխիկ, պղնձե խաչ և զառ։
Ծաղկաձորում պեղումների ընթացքում գտնված ամենաթանկարժեք գտածոն համարվում է մի անոթ, որի մեջ եղել են 294 բյուզանդական անանուն ֆոլիսներ, որից երեքը անոթի միջից ընկած էին։
Անանուն ֆոլիսները բյուզանդական դրամներ են, որոնք թողարկվել են Հովհաննես առաջին Չմշկիկի օրոք և շարունակվել թողարկվել նրա հաջորդների օրոք։ Անանուն են անվանվում, քանի որ դրամի վրա նշված չէ, թե որ կայսեր օրոք է թողարկվել, չկա նաև կայսեր նկարը։
Անանուն դրամները բաժանվել են երկու խմբի՝ A1 և A2. դասակարգված են ըստ նրանց վրա եղած պատկերների և ըստ թողարկման ժամանակի։ Ծաղկաձորում գտնված դրամները պատկանում են A2 խմբին։ Դրամի դիմերեսին Հիսուս Քրիստոսի կամ Մարիամ Աստվածածնի պատկերն է, իսկ դարձերեսին կա գրություն՝ Հիսուս Քրիստոս արքաների արքա։ Այդ դրամները թողարկվել են Վասիլ II օրոք և շարունակվել թողարկվել մինչև Ռոմանոս III կառավարման տարիները։
Ծաղկաձորում հայտնաբերված այս գանձը հնարավորություն կտա բացահայտել գիտության մի շարք մշուշոտ հարցեր։
Պեղումներ են իրականացվել նաև Ծաղկաձորի դամբարանադաշտում։ Դամբարանները համարակալված են 1-5 թվերով։
Թիվ 2 դամբարանից գտնվել է երկաթե դաշույն և սևափայլ, գնդաձև իրանով, սերմնանախշերով կճուճ։ Այսպիսի դաշույններ Հայաստանում հայտնի են մ.թ.ա. I հազարամյակի սկզբից։
Թիվ 1,2,4 դամբարաններից ոչինչ չի պահպանվել, իսկ թիվ 3 և 5 դամբարանները շատ լավ են պահպանվել, որտեղ, հավանաբար, տեղի են ունեցել թաղման վերջում իրականացվող ծիսական արարողություններ։
Տեղանքի բարձր խոնավության պատճառով մարդաբանական նյութերից պահպանվել են միայն ատամներ, որոնց միջոցով հնարավոր չի եղել որոշել թաղվածների տարիքը։
Թիվ 3 դամբարանում գտնվել են նաև ապարանջաններ, մատանիներ, վզնոցներ, մեկ կեռ դանակ, մանգաղ, ագաթից ուլունքներ։ Դամբարանում այսքան շատ զարդերը վկայում են, որ այստեղ թաղված են կանայք։
Թիվ 5 դամբարանում ավելի շատ գտնվել են նիզակներ, նետեր, դանակներ։
Ծաղկաձորում տեղի ունեցած պեղումները հնարավորություն են տալիս ստանալ մեր պատմությանը և ավանդույթներին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ։
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: