Սեփական էմոցիաները կառավարելու և ուրիշների էմոցիաները հասկանալու ունակությունը հաճախ ավելի բարձր է գնահատվում, քան IQ-ն և մասնագիտական հմտությունները:
Էմոցիոնալ ինտելեկտը (EQ (emotional quotient). էմոցիոնալ գործակից, կամ EI (emotional intelligence). էմոցիոնալ ինտելեկտ) սեփական էմոցիաները ճանաչելու, դրանք հասկանալու և կառավարելու, ինչպես նաև շրջապատի էմոցիաներն ընկալելու և մարդկանց հետ արդյունավետ փոխգործակցելու կարողությունն է:
Այս տերմինն առաջին անգամ գիտական գրականության մեջ հայտնվել է 20-րդ դարի վերջին՝ ամերիկացի հոգեբաններ Փիթեր Սալովեյի և Ջոն Մայերի աշխատանքների շնորհիվ: Ավելի ուշ՝ 1995 թվականին, հայեցակարգը հանրահռչակել է ամերիկացի լրագրող Դենիել Գոուլմանն իր «Էմոցիոնալ ինտելեկտ» գրքով:
Իսկ emotional quotient հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծել է Ռուվեն Բար-Օնը՝ իր դոկտորական հետազոտության շրջանակներում: Այն բառացիորեն նշանակում է «էմոցիոնալ գործակից» և համադրվում է IQ` ինտելեկտուալ գործակից հայտնի հասկացության հետ:
Հուզական բանականությունը ունի մի քանի բաղադրիչ
- Ինքնագիտակցություն. սեփական էմոցիաների և արձագանքների ըմբռնում:
- Ինքնակարգավորում. սեփական զգացմունքների և վարքի վերահսկում:
- Սոցիալական գիտակցություն. կարեկցանք և այլ մարդկանց զգացմունքների ընկալում:
- Փոխգործակցության հմտություններ. հարաբերություններ կառուցելու, կոնֆլիկտներ լուծելու և համագործակցելու ունակություն:
- Մոտիվացիա. նպատակներին հասնելու ձգտում, արժեքներին հավատարմություն:
Հուզական բանականությունը թույլ է տալիս ավելի լավ հարմարվել սոցիալական իրավիճակներին, ամրապնդել միջանձնային կապերը, ավելի արդյունավետ լուծել խնդիրները, հաղթահարել սթրեսը, հասնել անձնական նպատակներին, հաջողության հասնել մասնագիտական գործունեության մեջ:
Էմոցիոնալ, սոցիալական ինտելեկտը և IQ-ն
Էմոցիոնալ բանականությունը, սոցիալական ինտելեկտը և ինտելեկտուալ զարգացման գործակիցը երեք փոխկապակցված հասկացություններ են, որոնք արտացոլում են անձի ճանաչողական ունակությունների տարբեր ասպեկտներ:
. IQ-ն արտացոլում է վերացական խնդիրներ լուծելու, տեղեկատվությունը վերլուծելու և գիտելիքները տարբեր ոլորտներում կիրառելու ունակությունը:
. EQ-ն կենտրոնանում է սեփական և շրջապատի զգացմունքները հասկանալու, դրանք կառավարելու և մարդկանց հետ արդյունավետ փոխգործակցելու վրա:
. Սոցիալական ինտելեկտը ուղղված է սոցիալական նորմերի և ակնկալիքների ընկալմանը, արդյունավետ հաղորդակցությանը և համագործակցությանը, շրջապատի հետ հարաբերություններ կառուցելու ունակությանը: Այն օգնում է խուսափել կոնֆլիկտներից:
Հուզական ինտելեկտի բարձր մակարդակն օգնում է ավելի հաջող լուծել կյանքի խնդիրները նույնիսկ IQ-ի միջին մակարդակի դեպքում: Զարգացած EQ ունեցող մարդիկ ի վիճակի են ավելի լավ հաղթահարել սթրեսային իրավիճակները, հաստատել վստահելի հարաբերություններ, հասնել բարձր արդյունքների՝ շնորհիվ իրենց սոցիալական կոմպետենտության:
Սակայն EQ-ի և IQ-ի մակարդակների միջև ուղղակի կապ չի հայտնաբերվել: Մարդը կարող է ունենալ ինտելեկտի մի տեսակի բարձր ցուցանիշներ և մյուսի միջին կամ ցածր: Օրինակ, որոշ գիտնականներ ունեն ակնառու բարձր IQ, սակայն դժվարություններ են ունենում միջանձնային հարաբերություններում EQ-ի ցածր մակարդակի պատճառով:
Հուզական ինտելեկտի ցածր մակարդակի պատճառները
EQ-ի զարգացման համար կարևոր է հասկանալ դրա ցածր մակարդակի պատճառները:
-
Ռեֆլեքսիայի բացակայություն — մարդիկ հաճախ անտեսում են իրենց զգացմունքները:
-
Անբավարար կարեկցանք — ուրիշի տեղում իրեն դնելու անկարողություն:
-
Ցածր ինքնագնահատական — դժվարություններ սեփական զգացմունքները կառավարելու հարցում:
-
Սահմանափակ հաղորդակցման փորձ — սոցիալական փոխազդեցությունների անբավարար քանակ:
Ինչպես որոշել EQ-ի մակարդակը ղեկավարի և թիմի համար
Ամենատարածված մեթոդները մասնագիտացված հարցաթերթիկներն ու թեստերն են: Օրինակ՝ Հոլի հարցաթերթիկը և Բոստոնյան հարցաթերթիկը, որոնց մասին այս հոդվածում չենք պատմի: Ներկայացնենք մի քանի պարզ ու պրակտիկ ձևեր:
Ղեկավարի էմոցիոնալ բանականության մասին թեստը չի պատմի այն, թե ինչ է կատարվում նրա թիմի հետ խորհրդակցության մեկնարկից մեկ ժամ անց: Եթե բոլորը լռել են, նախաձեռնություն չեն ցուցաբերում, ներգրավված չեն` EQ-ն ցածր է: Եթե խորհրդակցությունից հետո բոլորը նետվեցին աշխատելու, ուրեմն բարձր է:
«Վերելակի թեստ»: Երբ աշխատակիցները տեսնում են ղեկավարին վերելակի մոտ, նրանք ներս ե՞ն մտնում նրա հետ միասին բարձրանալու համար: Թե՞ «հանկարծ հիշում են», որ իրենք այլ հարկ պետք է գնան: Եթե խուսափում են, նշանակում է ղեկավարի էմոցիոնալ ինտելեկտի վրա իմաստ ունի աշխատել:
EQ-ի մակարդակը որոշելու պարզ եղանակներ կան նաև կոլեկտիվի համար:
Թիմի համար կա մի պարզ ցուցիչ՝ ինքնաբուխ փոխօգնությունը: Երբ ոչ թե խնդրել են, այլ իրենք են տեսել, որ գործընկերոջը դժվար է և օգնել են: Հաշվեք, թե շաբաթվա ընթացքում քանի անգամ է դա տեղի ունենում: Եթե ցուցանիշը ձգտում է զրոյի, ապա սա թիմ չէ, այլ ավելի շուտ «էմոցիոնալ աուտիստների» խումբ:
Ուշադրություն դարձրեք նաև «էմոցիոնալ նյութափոխանակության» արագությանը. թե որքան արագ է ձեր թիմը «մարսում» կոնֆլիկտները: Առողջ թիմը վիճաբանությունից հետո վերականգնվում է մեկ-երկու օրվա ընթացքում, իսկ եթե վիրավորանքները ձգվում են շաբաթներ, սա խնդիր է:
Փորձագետը բիզնեսի ղեկավարին առաջարկում է պատասխանել հետևյալ հարցերին EQ-ի մակարդակը վերլուծելու համար:
-
Արդյո՞ք կարողանում է հաղթահարել սթրեսը՝ առանց այն իր աշխատակիցների և գործընկերների վրա «թափելու»:
-
Կարո՞ղ է նա տալ ազնիվ, բայց կառուցողական հետադարձ կապ, այսինքն՝ չմեղադրելով և չնվաստացնելով:
-
Ինչպե՞ս է մարդը արձագանքում ուրիշների սխալներին. դո՞ւրս է գալիս ինքնատիրապետումից, անտեսո՞ւմ է, թե՞ օգնում է «ուղղել» խնդիրը:
Բարձր EQ ունեցող ղեկավարներն աչքի են ընկնում աշխատակիցներին ոգեշնչելու, թիմային ոգին զարգացնելու և ենթակաների շրջանում վստահություն պահպանելու ունակությամբ: Նրանք կարողանում են ուշադիր լսել աշխատողների կարծիքներն ու գաղափարները, հաշվի առնել նրանց շահերն ու կարիքները, ինչը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում արտադրողականության և անձնակազմի հավատարմության աճի համար:
Մի ղեկավար հաճախ ցուցաբերում է զայրույթ և դյուրագրգռություն, եթե իր թիմը չի հասնում ցանկալի արդյունքների: Կառավարման նման ոճը աշխատակիցների մոտ վախ և ընկճվածություն է առաջացնում՝ վատթարացնելով նրանց աշխատանքի որակը: Մեկ այլ առաջնորդ կարողանում է հանգիստ և շրջահայաց մնալ նույնիսկ սթրեսային իրավիճակներում: Սա խրախուսում է բացությունն ու երկխոսությունը աշխատակիցների միջև, ինչը բարելավում է թիմի աշխատանքի արդյունքը:
Ամբողջ թիմի էմոցիոնալ բանականությունը գնահատելու համար կարելի է անցկացնել կոլեկտիվ քննարկումներ և կատարել վարժություններ՝ ուղղված կարեկցանքի զարգացմանը, կոնֆլիկտները կառավարելու և կոլեկտիվի ներսում արդյունավետ հաղորդակցվելու ունակությանը։
Հուզական բանականությունը. գլխավորը
-
Էմոցիոնալ բանականությունը սեփական էմոցիաները գիտակցելու, հասկանալու և կարգավորելու, ինչպես նաև այլ մարդկանց էմոցիաները ճանաչելու և դրանց համարժեք արձագանքելու կարողությունն է:
-
Հայեցակարգը ներառում է ինքնագիտակցություն, ինքնակարգավորում, սոցիալական գիտակցություն, մոտիվացիա և փոխգործակցության հմտություններ:
-
EQ-ն լրացնում է մտավոր զարգացման ավանդական ցուցանիշները (IQ), բարելավում է սոցիալական կոմպետենցիաները և ադապտացիան:
-
Բարձր EQ ունեցող աշխատակիցներն ու ղեկավարները բարելավում են թիմի մթնոլորտը, բարձրացնում արտադրողականությունը և ստեղծում հաղորդակցության արդյունավետ ռազմավարություններ:
-
EQ-ն կարելի է զարգացնել ինքնադիտարկման, էմոցիաների ճիշտ արտահայտման, կարեկցանքի ուսուցման, սթրեսի կառավարման և հաղորդակցման հմտությունների կատարելագործման միջոցով։
Ինչո՞ւ է այս հոդվածի նկարը շան պատկերով
Շների դեպքում գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ունեն մի շարք ունակություններ, որոնք կարելի է դիտարկել որպես հուզական ինտելեկտի տարրեր:
Շները կարողանում են ճանաչել մարդկային հույզերը՝ թե՛ մեր դեմքի արտահայտություններից, թե՛ ձայնի երանգից: Նրանք տարբերում են երջանիկ, տխուր և զայրացած արտահայտությունները և համապատասխանաբար արձագանքում: Բացի այդ, շներն ընդունակ են կարեկցանքի դրսևորման. նրանք հաճախ մոտենում և մխիթարում են տխուր կամ վրդովված տերերին:
Շները նաև հասկանում են մարդկային սոցիալական ազդանշանները, ինչպիսիք են ժեստերը և հայացքի ուղղությունը, ինչը վկայում է մեր մտադրությունները "կարդալու" ունակության մասին: Նրանք ունեն նաև սեփական հույզերի արտահայտման բարդ համակարգ և կարողանում են համապատասխանեցնել իրենց վարքը տարբեր սոցիալական իրավիճակներում:
Այնուամենայնիվ, շների էմոցիոնալ բանականությունը տարբերվում է մարդկայինից: Այն ավելի շատ հենվում է բնազդների, ապրած փորձի և մարդու հետ համատեղ էվոլյուցիայի արդյունքում ձևավորված հատուկ ունակությունների վրա, քան վերացական մտածողության կամ բարդ ինքնագիտակցության:
Այսպիսով, եթե հուզական բանականությունը դիտարկենք լայն իմաստով՝ որպես հույզերը ճանաչելու, հասկանալու և դրանց համապատասխան արձագանքելու ունակություն, ապա այո, շները ևս օժտված են հուզական ինտելեկտով:
*Կոնտենտը ստեղծված է Event.Master-ի կողմից: Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: