Աշխատաշուկայում պահանջարկ ունենալու համար անհրաժեշտ հմտությունները չեն սահմանափակվում միայն մասնագիտական կարողություններով (Hard skills)։ Soft skills-ը, որը թարգմանվում է որպես «ճկուն հմտություններ» կամ «փափուկ հմտություններ», նույնպես կարևոր դեր են խաղում հաջող կարիերայում։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչ են սոֆթ սքիլզը, ինչու են դրանք անհրաժեշտ, ինչպես զարգացնել դրանք։
Ինչ է Soft skills-ը
Փափուկ հմտություններն այն հմտություններն ու ցանկալի որակներն են, որոնք օգնում են մարդուն աշխատանքում, բայց ուղղակիորեն կապված չեն նրա մասնագիտության հետ։
Ի տարբերություն hard skills-ի, որոնք վերաբերում են մասնագիտական ոլորտին և չափվում են որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետման աստիճանով, սոֆթ սքիլզն արտացոլում է մարդու անձնային որակները, ինչպիսիք են՝ հաղորդակցվելու ունակությունը, կոնֆլիկտներ լուծելու կարողությունը, փոփոխություններին հարմարվելը, թիմում աշխատելը և այլ։
Ում և ինչու են պետք ճկուն հմտություններ
Soft skills-ն անհրաժեշտ է բոլոր մարդկանց: Դրանք հատկապես կարևոր են նրանց համար, ովքեր աշխատում են թիմում, ղեկավարում են այլ մարդկանց կամ սպասարկում են հաճախորդներին։ Soft skills-ն օգնում է կապեր հաստատել այլ մարդկանց հետ, հաղթահարել կոնֆլիկտները, գտնել փոխզիջումներ և ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդների կարիքները։
Ճկուն հմտություններին տիրապետելը բարելավում է անձնական արտադրողականությունը, օպտիմիզացնում է աշխատանքային գործընթացը, սովորեցնում է ճիշտ պլանավորել ժամանակը և օգնում է աշխատանքում առաջխաղացում ստանալու հարցում։
15 ամենակարևոր հմտությունները, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուրը
1. Հաղորդակցություն
Խոսելու և լսելու, տեղեկատվությունը ճիշտ փոխանցելու և սեփական մտքերն արտահայտելու ունակություն։
2. Ժամանակի կառավարում
Սեփական ժամանակը պլանավորելու, առաջնահերթություններ սահմանելու և առաջադրանքներն արդյունավետորեն բաշխելու կարողություն։
3. Առաջնորդություն
Մարդկանց առաջնորդելու, մոտիվացնելու և ընդհանուր նպատակներին հասնելու համար ոգեշնչելու ունակություն։
4. Թիմային աշխատանք
Գործընկերների հետ համագործակցելու, փոխզիջումներ գտնելու և ընդհանուր նպատակներին հասնելու ունակություն։
5. Ստեղծարարություն (Կրեատիվություն)
Ոչ ստանդարտ լուծումներ գտնելու և խնդիրները լուծելու համար սեփական երևակայությունն օգտագործելու կարողություն։
6. Հարմարվողականություն
Նոր պայմաններին, աշխատանքի փոփոխություններին և անսպասելի իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն։
7. Կոնֆլիկտոլոգիա
Կոնֆլիկտները կարգավորելու և փոխզիջումներ գտնելու կարողություն։
8. Կարեկցանք (Էմպաթիա)
Այլ մարդկանց զգացմունքներն ու կարիքները հասկանալու և համապատասխանաբար վարվելու ունակություն։
9. Քննադատական մտածողություն
Տեղեկատվությունը վերլուծելու, դրա հավաստիությունը գնահատելու և հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողություն։
10. Ինքնավստահություն
Սեփական կարողություններին վստահելու և սեփական գործողությունների համար պատասխանատվություն կրելու ունակություն։
11. Համոզելու կարողություն
Սեփական մտքերն ու դիրքորոշումը համոզիչ և փաստարկված արտահայտելու ունակություն։
12. Կազմակերպվածություն
Սեփական աշխատանքը, փաստաթղթերն ու տեղեկատվությունը արդյունավետորեն կազմակերպելու կարողություն։
13. Ներկայացման հմտություններ
Շնորհանդեսներ պատրաստելու և անցկացնելու, մտքերը հստակ և համոզիչ արտահայտելու ունակություն։
14. Սթրեսակայունություն
Դժվարին իրավիճակներում հանգստություն և համբերատարություն պահպանելու և հուզական պոռթկումներ թույլ չտալու կարողություն։
15. Զարգացում
Սովորելը և զարգանալը շարունակելու, նոր գիտելիքների և փորձի հանդեպ բաց լինելու ունակություն:
Փափուկ հմտություններն օգնական են թիմում արդյունավետ հարաբերություններ կառուցելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու գործում։ Նման հմտությունների առկայությունը նաև մեծացնում է կարիերայի աճի հնարավորությունները, քանի որ գործատուները գնահատում են ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև ճկուն հմտությունները, որոնք թույլ են տալիս աշխատել հարմարավետ և արդյունավետ՝ օգնելով մարդկանց բանակցելու, սեփական դիրքորոշումը փոխանցելու և այն փաստարկելու կարողության հարցում։
Բացի այդ, soft skills-ն օգնում է անձնական կյանքում՝ բարելավելով հարաբերությունները ընտանիքի, ընկերների և շրջապատի հետ։ Արդյունավետ հաղորդակցվելու, ուրիշներին լսելու և հասկանալու, համոզելու, սեփական էմոցիաները կառավարելու և դժվարին իրավիճակներում հանգիստ մնալու ունակություն․ այս ամենը կյանքը դարձնում է ավելի ներդաշնակ և հաջողակ։
Ինչպես զարգացնել ճկուն հմտությունները
Soft skills-ի զարգացումը գործընթաց է, որը ժամանակ և ջանք է պահանջում։ Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնք օգնում են բարելավել հմտությունները և դառնալ ավելի արդյունավետ աշխատանքում և կյանքում։
Գործիք 1. դասընթացներ և թրեյնինգներ վերցնել
Գոյություն ունեն բազմաթիվ դասընթացներ և թրեյնինգներ, որոնք մասնագիտացված են ճկուն հմտությունների զարգացման գործում։ Ուսուցման այս ծրագրերը կարող են լինել առցանց կամ առկա և ներառել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաղորդակցությունը, առաջնորդությունը, կոնֆլիկտոլոգիան։
Գործիք 2. գրքեր և հոդվածներ կարդալ
Ճկուն հմտությունների հետ կապված թեմաներով գրքեր և հոդվածներ կարդալը դրանց զարգացման արդյունավետ միջոց է։ Ընթերցանությունը թույլ է տալիս ծանոթանալ նոր գաղափարների և մոտեցումների, ինչպես նաև ստանալ գործնական խորհուրդներ և առաջարկություններ փորձառու մասնագետներից։
Գործիք 3. շփում գործընկերների հետ
Գործընկերների հետ փոխգործակցությունը և թիմային նախագծերին մասնակցությունը ճկուն հմտությունները զարգացնելու հիանալի միջոց է։ Թիմում աշխատելը օգնում է բարելավել հաղորդակցման հմտությունները, խմբում աշխատանքի արդյունավետությունը, առաջնորդելու և կոնֆլիկտային իրավիճակները կառավարելու կարողությունը։ Նաև գործընկերների և պարզապես աշխատանքից դուրս մարդկանց հետ շփումը թույլ է տալիս բարելավել սոցիալական հարմարվողականության և այլ մարդկանց կարծիքները հասկանալու հմտությունները։
Գործիք 4. մեդիտացիա և յոգա
Սրանք եղանակներ են, որոնք օգնում են կառավարել սեփական հույզերն ու սթրեսը։ Պրակտիկաները նաև նպաստում են կենտրոնացման և ուշադրության մակարդակի բարձրացմանը, ինչը կարող է օգտակար լինել խնդիրների լուծման և ժամանակի կառավարման համար։
Գործիք 5. ինքնավերլուծություն
Սա գործընթաց է, որը թույլ է տալիս գնահատել սեփական հմտությունները և բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները։ Ինքնավերլուծությունը կարող է իրականացվել գործընկերների և ղեկավարության հետ շփման, մարզիչից հետադարձ կապ ստանալու կամ ռեֆլեքսիայի միջոցով։
*Կոնտենտը ստեղծված է Event.Master-ի կողմից: Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: